Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած աճուրդում 7 մլն ռուբլով վաճառվել է բանաստեղծուհի Աննա Ախմատովայի օրագիրը: Բանաստեղծուհու գրառումները դարձել են ամենաթանկ լոտը աճուրդի գոյության ամբողջ ընթացքում:
Ախմատովայի ձեռագրում գրառումներ կան Օսիպ Մանդելշտամի բնավորության և տաղանդի, Օլգա Բերգոլցի ելույթների և Ալեքսանդր Ֆադեևի ինքնասպանության մասին:
Բացի այդ, աճուրդի էր հանվել հրեա բանաստեղծների երկերի ժողովածուն Ախմատովայի թարգմանությամբ, որը վաճառվել է 2 մլն ռուբլով, հայտնում է Baltika.fm-ը:
Ախմատովայի ձեռագրերը հայտնվել են աճուրդում նրա մոսկվաբնակ ընկերների` Արդովների ընտանեկան գրադարանից: Բանաստեղծուհին հաճախ է հանգրվանել նրանց տանը Մեծ Օրդինկայում:
Թոփ լոտերից էր նաև Վլադիմիր Նաբոկովի առաջին գիրքը, որը հրատարակվել է 1916-ին Պետրոգրադում: Բանաստեղծությունների գրքի համար գնորդը վճարել է մոտ 600.000 ռուբլի: