5 հունիսի 2007 - 14:37 AMT
Ղարաբաղյան հակամարտության կողմերը մոտ են կարգավորմանն ինչպես երբեք
Այժմ շատ բարենպաստ պահ է ղարաբաղյան հակամարտության համար եւ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել համաձայնության, նախօրեին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն ցանկանում է, որ հակամարտությունը լուծվի կողմերի շահերը հաշվի առնելով: Նա հույս է հայտնել, որ Երեւանում եւս ականատեսը կլինի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նույնպիսի ցանկությանը, որը «նա զգացել է Ադրբեջանում»:

ԵԱՀԿ գործող նախագահը նշել է նաեւ, որ հակամարտության կարգավորման հարցում շահագրգռված են բազում կողմեր, այդ թվում նաեւ ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը: «ԵԱՀԿ-ն կաշխատի, որ հունիսի 10-ին Սանքտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայանալիք հանդիպման ժամանակ իրական քայլեր կկատարվեն այդ ուղղությամբ: Սակայն վերջնական լուծումը կախված է կողմերից»,-ասել է Միգել Անխել Մորատինոսը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: