5 հունիսի 2007 - 16:17 AMT
ԵԱՀԿ-ն շահագրգռված է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները հաջող լինեն
ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ երկկողմ հարաբերությունների հարցը, ղարաբաղյան հակամարտության խնդիրը, սպառազինության հարցը: Այդ մասին Մորատինոսի հետ Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բանակցություններում շեշտը դրվել է հունիսի 9-ին Սանքտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վրա: Իր հերթին Միգել Անխել Մորատինոսը նշել է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ կիսել է իր տպավորությունները Բաքվում կայացած հանդիպումներից: Նրա խոսքերով, միայն Սանքտ Պետերբուրգում կայանալիք նախագահների հանդիպումից հետո հնարավոր կլինի խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում: «Ես կարծում եմ, որ կողմերը պետք է վճռական քայլեր կատարեն բանակցություններում արդյունքի հասնելու համար: Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ հաջորդ նստաշրջանում հնարավոր կլինի խոսել դրական արդյունքի մասին ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ: ԵԱՀԿ-ն շահագրգռված է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները հաջող լինեն, որտեղ կա նաեւ ԵԱՀԿ ՄԽ մասնակցության լուման»,-նշել է նա: