«Հայաստան» համահայկական հիմնադրամը Մեծ Բրիտանիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ Աղձք համայնքում (Արագածոտնի մարզ) մեկնարկել է երկհարկանի մանկապարտեզի կառուցումը:
Մանկապարտեզը կունենա երեխաների կրթության ու հանգստի համար արդի բոլոր հարմարությունները: Խմբային ու ննջարանային սենյակներից բացի նախատեսվում է մարզադահլիճ, խաղասրահ, խաղահրապարակ և համակարգչային սենյակ, որտեղ սաները կանցկացնեն իրենց ժամանցն ու պարապմունքները:
Նախակրթարան կարող է հաճախել մինչև 90 երեխա:
«Երեք տարի առաջ գյուղի մանկապարտեզը վթարային լինելու պատճառով դադարեց գործել, և այն, որ Բրիտանիայի մեր հայրենակիցները ստանձնել են նոր մանկապարտեզի կառուցում, մեծ ուրախություն է համայնքի համար»,- ասում է Աղձքի գյուղապետ Արսեն Ավդալյանը:
Բրիտանահայ համայնքը կարևորում է երեխաների ու պատանիների կրթությունը և հիմնականում ստանձնում կրթության և առողջապահության ոլորտներին միտված ծրագրեր: Վերջին տարիներին համայնքի նվիրատվություններով իրականացված ծրագրերից են Սասունիկ գյուղի մանկապարտեզի կառուցումը և Երևանի Շենգավիթ համայնքի գիշերօթիկ մանկապարտեզի վերակառուցումը: