ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային։
Համառոտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը` Վալերիա Գրիշեչկինան Լևոն Ալթունյանին տեղեկացրել է, որ 2003-ից մինչ օրս կնքված դրամաշնորհային համաձայնագրերի ծավալը կազմել է ավելի քան 60 միլիոն դոլար:
Նա միաժամանակ շեշտել է, որ ֆինանսավորման նոր մոդելը հիմնվում է ազգային ծրագրերի և երկրների ներսում բոլոր հնարավոր գործընկերների միջև ակտիվ երկխոսության ծավալման վրա` գերակայությունների և ռեսուրսների առավել արդյունավետ ծախսման նպատակով: Ի դեպ, հիմնադրամը մշտական հսկողություն է սահմանում դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման նկատմամբ։
2015թ. հոկտեմբերի 1-ին մեկնարկած «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» դրամաշնորհային ծրագիրը շարունակվելու է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը: 2016-2018թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին աջակցության մեկ այլ դրամաշնորհային ծրագիր է իրականացվում երկու նոր համաձայնագրով:
Հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի աշխատանքը, ինչի մասին են վկայում նաև հիմնադրամի կողմից դրամաշնորհային ծրագրերի կատարողականների պաշտոնական գնահատման գերազանց արդյունքները:
Վալերիա Գրիշեչկինան կարևորել է ՀՀ կառավարության մասնակցությունն այս ծրագրերի ֆինանսավորման գործում, ինչը հիմնադրամի կողմից ներկայացվող պարտադիր պայման է։