5 հունիսի 2007 - 19:44 AMT
Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ օկուպացված տարածքներ չկան
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հունիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում ճակատագրական չի լինի: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ կայացած հանդիպումից հետո տված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, դա կլինի հանդիպումներից մեկը, որի ընթացքում կողմերը համաձայնության չեն հանգի: «Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակի պնդել կարգավորման իր տարբերակը, ապա հակամարտությունը չի կարգավորվի»,- ընդգծել է Ղուկասյանը:
Միեւնույն ժամանակ, ԼՂՀ ղեկավարը նշել է, որ ԼՂՀ շուրջ տարածքների հարցը քննարկման ենթակա չէ: «Մենք չունենք օկուպացված տարածքներ եւ հայկական զորքեր: ԼՂՀ շուրջ անվտանգության գոտին ազատգրվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից եւ վերջինիս կողմից էլ պաշտպանվում է: Սակայն չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում Ղարաբաղի տարածքի 15 տոկոսի մասին, որը մինչեւ հիմա օկուպացված է ադրբեջանցիների կողմից. Մարտունու մի մասը, Մարտակերտը, Շահումյանի շրջանը: Այս հարցում պետք է հավասարը հավասարի խոսել»,- ասել է Ղուկասյանը: