3 նոյեմբերի 2016 - 15:12 AMT
Ռուս զինվորականները կկարողանան կառավարել անօդաչու սարքը գլխի շարժումով և հայացքով

Ռուս զինվորականները վիրտուալ իրականության եզակի սաղավարտ կստանան, որը թույլ կտա նրանց ոչ միայն տեսնել մարտադաշտն անօդաչու թռչող սարքերի տեսախցիկներից, այլ նաև կառավարել սարքը` ուղղակի թեքելով գլուխն ու ուղղորդելով հայացքը:

Նորագույն «Սվարոգ» սաղավարտը ստեղծվել է ՌԴ ՊՆ Ռոբոտատեխնիկայի գլխավոր գիտահետազոտական կենտրոնում և կլինի վիրտուալ իրականության առաջին մարտական սաղավարտը ռուսական բանակում, հայտնում է «Իզվեստիան»:

Սաղավարտի աշխատանքի սկզբունքը բավականին պարզ է` դա դեմքի վրա կրվող ոչ մեծ տեսաէկրան է, կիսված երկու մասի, որը մարդու յուրաքանչյուր աչքի համար առանձին պատկեր է մատուցում թեթև շեղումով, ինչը պատկերի ծավալի պատրանք է ստեղծում: Սարքը նաև մի շարք տվիչներ կունենա, որոնք կհետևեն մարդու աչքի շարժումներին և գլխի թեքությանը:

«Սվարոգն» այժմ ներքին փորձարկումներ է անցնում և արդեն 2017-ի սկզբին կառաքվի ՊՆ»,-ասել է գիտաշխատող Ալեքսեյ Պեչկինը:

Ռուսական սաղավարտն, ի տարբերություն քաղաքացիական նմանատիպ սարքերի և ՆԱՏՕ-ի բանակներում կիրառվող համալրված իրականության ակնոցների միանգամից 2 էկրան կունենա: Դրա շնորհիվ այն իր նմանակներից շատ ավելի լայն կլինի: Սաղավարտի քաշը 400 գ է, թողունակությունը` 5120x2180 պիքսել, ինչը 4 անգամ գերազանցում է ստանդարտ համակարգչային մոնիտորի հզորությունը: Դա թույլ է տալիս օպերատորին հետևել տեղանքին անօդաչու սարքից և տեսնել բոլոր մանրամասները` ոչ միայն տանկերն ու զրահատեխնիկան, այլ նույնիսկ առանձին զինվորներին: