3 նոյեմբերի 2016 - 16:27 AMT
Լոնդոնի դատարանը թույլ չի տվել Թերեզա Մեյին սկսել Brexit-ն առանց խորհրդարանի հավանության

Լոնդոնի դատարանը որոշել է, որ կառավարությունը չի կարող մեկնարկել Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացն առանց խորհրդարանի հավանության:

Հայցով դատարան էին դիմել ձեռնարկատեր Ջիլ Միլլերը և վարսավիր Դեյր դոս Սանտոսը: Դատարանը հավանություն է տվել` հղում անելով Եվրամիության մասին պայմանագրի տեքստին, որտեղ ասվում է, որ պետությունները կարող են դուրս գալ կազմակերպության կազմից «ըստ սեփական սահմանադրությունների պահանջների», հայտնում է Ինտերֆաքսը Sky News-ի վրա հղումով:

Երկրի վարչապետ Թերեզա Մեյը պնդում էր, որ հանրաքվեի արդյունքները և կառավարության լիազորությունները միանգամայն բավարար են ակտիվացնելու համար Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը և առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու ԵՄ-ից դուրս գալու գործընթացը մեկնարկելու համար: Սակայն դատարանը որոշեց, որ դա չի համապատասխանում երկրի գլխավոր օրենքին:

Մեյի գրասենյակում արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են այդ որոշումը: Ենթադրվում է, որ դատարանը կվերադառնա գործի քննությանը դեկտեմբերին:

Կառավարությունը մտադիր էր սկսել Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացն արդեն 2017-ի մարտին: Սակայն Գերագույն դատարանի որոշումը նշանակում է, որ այդ գործընթացը հետաձգվում է անորոշ ժամկետով: