3 նոյեմբերի 2016 - 16:15 AMT
Ախուրյանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը լուծվում է

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված 798 մլն. դրամ գումարով ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվում է Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը:

Հիմնավորման համաձայն, ավարտին են հասցվելու «Գլենդել-Հիլզ» կազմակերպության կառուցած 3 կիսակառույց բնակելի շենքի շինարարական աշխատանքները: Հատկացված գումարի սղության պատճառով նախագծա-նախահաշվային փաստաթղթերում չեն ընդգրկվել բնակարանների թվով 104 գազօջախի ձեռք բերման և տեղադրման, ինչպես նաև որոշ հատվածների բարեկարգման շինարարական աշխատանքներ:

Որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներից կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթների գնումների գործընթացում տնտեսված 44.485.200 դրամ գումարը տրամադրել «Ախուրյանում բնակարանային շինարարության իրականացում (3 անավարտ շենքի կառուցում)» ծրագրի իրականացմանը: