4 նոյեմբերի 2016 - 10:08 AMT
Շփման գիծը. Ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 41 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 530 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (16 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում, շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ (ԵՆ-25 /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում` 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Ընդհանուր առմամբ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: