6 հունիսի 2007 - 18:37 AMT
ՀՀԿ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը» ստորագրել են համաձայնագիր` քաղաքական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ի դեմս ՀՀԿ Խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ելնելով մայիսի 12-ին կայացած ընտրությունների արդյունքից, ՀՀ Նախագահի աջակցությամբ ստորագրել են համաձայնագիր` քաղաքական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Քաղաքական կոալիցիան իր հերթին Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ` ի դեմս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ստորագրել է համագործակցության համաձայնագիր: Քաղաքական կոալիցիայի ստեղծման հիմնական նպատակն է Ազգային Ժողովի չորրորդ գումարման ժամանակահատվածում ձեւավորել հասարակության առավել մեծ վստահությունը վայելող, արդյունավետ գործող օրենսդիր եւ գործադիր իշխանություն, ապահովել նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացումը: Քաղաքական կոալիցիայի եւ Համագործակցության կողմերը պարտավորվել են իրականացնել միասնական քաղաքականություն` միմյանց եւ Հանրապետության Նախագահի հետ համագործակցությամբ, հաղորդում է հանրապետության նախագահի մամլո ծառայությունը: