7 հունիսի 2007 - 21:17 AMT
Ղարաբաղի կարգավիճակի հարցը գլխավորն է ոչ միայն ԼՂ բնակչության, այլեւ ԵԱՀԿ ՄԽ-ի համար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ բաց եւ արդար բանակցություններ են անցկացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ներկա դրությամբ ՄԽ-ի աշխատանքում որակական փոփոխություններ են տեղի ունեցել. այն սկսել է ավելի ակտիվ աշխատել: «Ես, ինչպես բոլորդ գիտեք, լավատես եմ իմ էությամբ, սակայն առանձնակի առաջխաղացումներ ես չեմ տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո: Տարաձայնությունների շրջանակը նեղանում է, սակայն դրանք դեռ կան: Հենց այդ պատճառով մենք եկել ենք տարածաշրջան, որպեսզի կարգավորենք մի շարք հարցեր»,- ասել է Բրայզան:

Ամերիկացի դիվանագետը հատուկ ընդգծել է, որ չի խոսել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը շրջապատող 7 շրջանների հանձնման մասին: «Ես պարզապես խոսել եմ տարածքների վերադարձի մասին, չնշելով քանակը, եւ չեմ գտնում, որ բանակցային գործընթացի որեւէ գաղտնիք եմ բացել: ԵԱՀԿ ՄԽ-ն հոյակապ տեղյակ է, որ գոյություն ունեն նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներ: Սակայն դրանց վերաբերյալ բանակցությունները մտնում են երկու երկրների արտգործնախարարների իրավասությունների մեջ»,- ընդգծել է ամերիկացի միջմորդը:

Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եւ նրա անվտանգությունը գլխավորն է ոչ միայն ԼՂ բնակչության, այլեւ ԵԱՀԿ ՄԽ-ի համար»,- ասել է Բրայզան: Նրա խոսքերով, բոլոր հարցերը պետք է լուծեն նախագահները, Մինսկի խումբը պարզապես տարբերակներ է առաջարկում: