7 նոյեմբերի 2016 - 16:52 AMT
Նազարյան. «Գազպրոմն» իր վրա կվերցնի գազի սակագնի նվազեցման ռիսկերը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստանում է գազի սակագնի նվազեցման հետ կապված ռիսկերը վերցնել իր վրա: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է՝ գազի սակագնի իջեցման սուբսիդավորումը չի լինելու պետբյուջեի հաշվին, Նազարյանը պատասխանել է, որ աղբյուրները մի քանիսն են:

«Առաջինը՝ Ռուսաստանից Հայաստան հասնող գազի տարանցման սակագնի նվազումն է. դրա հաշվին որքան գումար կավելանա՝ կուղղվի այս խնդրին: Երկրորդ՝ այն արտոնությունները, որոնք տրվում են բիզնեսին և սոցիալապես անպահով խավերին. ենթադրում ենք, որ սպառումը կավելանա և հասույթը նույնպես կհամարվի ֆինանսավորման աղբյուր», գրում է Panorama.am-ը:

Երրորդ ֆինանսավորման աղբյուրը, որ դիտարկում է «Գազպրոմ Արմենիան», հետևյալն է՝ նախկինում ունեցել է մեծ ֆինանսական պարտավորություններ, իսկ այսօր դրանց մեծ մասն արդեն վերացել է:

«Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստանում է՝ այս բոլոր 3 աղբյուրի ռիսկերը վերցնել իր վրա, եթե ֆինանսական այս աղբյուրները չբավարարեն՝ կսուբսիդավորի մնացած մասը: Այսինքն՝ «Գազպրոմն» այդ բոլոր ռիսկերը վերցնում է իր վրա»,- պարզաբանել է Նազարյանը:

Նա նշել է, որ ՀԾԿՀ-ն մտադիր է վերանայել էլելտրաէներգիայի սակագինը և հակված է իջեցնել այն:

Նազարյանի խոսով՝ վերանայման համար հիմք է հանդիսացել գազի սակագնի իջեցումը: «Մեզ համար ակնհայտ է, որ եթե ջերմային կայանների համար գազի գինը 1000 խմ-ի համար սահմանվում է 15 դոլարով ավելի ցածր, քան գործող սակագինն է, բնականաբար, սակագները պետք է վերանայվեն և համապատասխան գնահատական տրվի, գոնե, այս գործոնով»:

ՀԾԿՀ նախագահը չի հստակեցրել, թե էլեկտրաէներգիայի սակագինը քանի դրամով կնվազի՝ նշելով, որ սակագնի իջեցման այլ բաղադրիչներ կան, մասնավորապես, պետք է հստակեցվի էլէներգիա արտադող տարբեր կայանների սակագները և առկա ներդրումերը:

«Բոլոր ընկերություններին նամակներ ենք ուղարկել այն մասին, որ գործընթաց է սկսվել, և հաշվարկ պետք է կատարվի: Մեր որոշումը կկայացնենք ոչ ուշ, քան դեկտեմբերի վերջը: Ես խնդրում եմ, որ մեզ տրամադրեք 15-20 օր ժամանակ, նոր ենք սկսել այս գործընթացը: Գիտեք նաև, որ այս տարի վարչապետը հանձնարարել է նոր սպառողական խումբ կազմել՝ սոցիալապես անապահով խումբը, նրանց համար սակագինն ավելի ցածր կլինի, քան մյուս սպառողներինը: Սա էլ կհաշվենք և բոլորին տեղյակ կպահենք այդ մասին»,- ասել է Նազարյանը:

Նա հայտնել է, որ նոյեմբերի վերջին կունենան գազի վերջնական սակագինը, որը կգործի հունվարի 1-ից, իսկ դեկտեմբերի վերջ կունենանք էլեկտրաէներգիայի սակագինը, որը կգործի փետրվարի 1-ից:

Նոյեմբերի 4-ին հայտնի է դարձել, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

ՀԾԿՀ-ն տեղեկացնում է՝ վերանայումը սկսվում է հաշվի առնելով 2017թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող այլ գործոնների փոփոխությունները:

Նոյեմբերի սկզբին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով՝ գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։