9 նոյեմբերի 2016 - 11:31 AMT
ԵԱՀԿ-ն Թալիշի ուղղությամբ դիտարկում է անցկացնելու

Նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա)։

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը, տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը:

Հոկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի ուղղությամբ, Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: