10 նոյեմբերի 2016 - 12:58 AMT
Գիշերային ակումբները բազմաբնակարաններից հեռու կտեղակայվեն

Վարչապետ Կարեն Կարապետյանը Գործադիրի նոյեմբերի 10-ի նիստում, շարունակելով նախորդ շաբաթվա թեման՝ կապված գիշերային ակումբների վերահսկողության հետ, հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարների նախագահին համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբների կանոնակարգման հարցը:

«Եթե անհրաժեշտություն լինի, դրանք պետք է նաև տեղափոխել այլ վայր: Անհրաժեշտ է ողջամիտ ժամկետներ և պայմաններ ստեղծել տնտեսվարողի համար, որպեսզի նա կարողանան ժամանակ ունենալ իր գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը վերաբերում է ստրիպտիզ ակումբերի և դրա նման զվարճանքի ակումբերին: Բողոքներ կան, որ բազմաբնակարան շենքերի տակ և բարոյական կերպարն այն չէ, և անհանգստությունը, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,- նշել է վարչապետը, գրում է A1plus.am-ը:

Նոյեմբերի 3-ին Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր գիշերային ակումբներում տարիքային սահմանափակում մտցնել:

Կարդացեք նաև՝15 երկրի ՀՀ դեսպանատներ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ կունենան