10 նոյեմբերի 2016 - 16:43 AMT
Զինվորների վնասված առողջության հատուցման կառույց կհիմնվի. Աշխատողներն ամսական 1000 դրամ կվճարեն

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար նախատեսված հատուկ կառույց կստեղծվի, որին կուղղվի յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարը: Համապատասխան որոշումն ընդունել է ՀՀ կառավարությունը:

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», ««Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծերի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգ: Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

Զինծառայողների մահվան դեպքում, հատուցման գումարները կվճարվեն իրենց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք): Բոլոր դեպքերում, եթե զինծառայողը ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն սահմանված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով նախագծով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ:

Այն կմիավորի և պետությունից, և հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը: Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից` յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարներից, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով:

Ինչպես նաև՝ հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից, վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազն հինգ տարի ԿԲ-ն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցները և իրականացնելու է անվճար ադմինիստրատիվ գործառույթներ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ այցի շրջանակում Տիգրանակերտում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն հարցին, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներն են, ՀՀ պաշտպանության նախարարին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել զորակոչի հետ կապված հարցերին՝ դիտարկելով արդար պայմանների ապահովումը:

Որոշումից հետո ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում նշել է՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումների իրականացումը լինելու է թափանցիկության բարձրագույն ստանդարտներով, որպեսզի ապահովեն հասարակության մոտ վստահությունը համակարգի նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքացի կարողանալու է առցանց տեսնել, թե որքան գումար հավաքվեց, որքան եկամուտ ապահովվեց և որ զոհված կամ վիրավորված զինվորի ընտանիքը ստացավ հատուցում:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազ 5 տարի Կենտրոնական բանկն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցներն ու իրականացնելու է ադմինիստրատիվ գործառույթները: Դա ապահովելու է, որ հավաքված գումարներն ամբողջությամբ փոխանցվեն զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին:

Նշվում է նաև, որ Հիմնադրամի միջոցների կառավարման արդյունքում ստացված տոկոսները իրականում հնարավորություն են տալու զգալի չափով ավելի շատ հատուցում կատարել, քան փաստացի հավաքվելու է: Հիմնադրամին նվիրաբերություն կատարելը դառնալու է չափազանց դյուրին, և օգտագործվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն միջոցները (այժմ աշխատանքներ են իրականանում համակարգի ծրագրավորման ուղղությամբ):

Նոյեմբերի 8-ին Հհ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար:

Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ:

Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն դրամ: