11 նոյեմբերի 2016 - 13:37 AMT
Հակառակորդն ինտենսիվ արկակոծում է Թալիշի ու Յարըմջայի ուղղությամբ ՊԲ դիրքերը

Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 11-ի առավոտից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 85 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ շփման գծի հյուսիսային (Վերին Չայլու) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ (4 արկ) և 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):