11 հունիսի 2007 - 19:31 AMT
Խաղաղապահ ուժերը չեն կարողանա ապահովել հայ եւ ադրբեջանցի ժողովրդների խաղաղ գոյակցությունը
Խաղաղապահ ուժերը, որոնց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացնում են որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխավոր, չեն կարողանա ապահովել հայ եւ ադրբեջանցի ժողովրդների խաղաղ գոյակցությունը: Այդ մասին հունիսի 11-ին «Խաղաղապահներ. տեղեկատվական փաթեթ» բրոշյուրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, հայկական զորքերի դուրս բերումը Ղարաբաղի մերձակա տարածքներից, որոնք կազմում են անվտանգության գոտի, անընդունելի է, քանի որ հակառակ դեպքում կհանգեցնի լայնածավալ ռազմական գործողությունների Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ:

Անդրադառնալով վերը նշված տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավոր հեռանկարներին` բրոշյուրի համահեղինակ Արամ Պալյանը ներկայացրել է Սուդանում, Ռուանդայում, Կոսովոյում, Իրաքում եւ մոլորակի այլ թեժ կետերում խաղաղապահ գործողությունների մանրամասները: Նա տեղեկացրել է, որ գործնականում ամենուրեք, որտեղ կա միջազգային խաղաղապահ զորակազմ, սպանությունները, ծաղր ու ծանակը եւ թմրանյութերի վաճառքը զանգվածային բնույթ են կրում: Մեկնաբանելով հայ մի շարք քաղաքական գործիչների համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններում խաղաղապահ ստորաբաժանումների հնարավոր տեղակայմանը` Պալյանը հայտարարել է, թե, հնարավոր է, որ Հայաստանի կառավարությունը պարտավորություններ է ստանձնել, որոնք խոչընդոտում են նման հեռանկարի կտրուկ մերժմանը: «Ինչպես հայտնի է, Հայաստանը ակտիվորեն մասնակցում է խաղաղապահ գործողություններին, հավանաբար, դա էլ խանգարում է երկրի ղեկավարությանը հրաժարվել խաղաղապահների «ծառայություններից» ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է նա:

Իր հերթին «Խաղաղապահներ. տեղեկատվական փաթեթ» բրոշյուրի մյուս համահեղինակ Կարեն Վրդանեսյանը նշել է նաեւ, որ խաղաղապահ ուժերի տեղակայումն անընդունելի է հակամարտության գոտում: Որպես հիմնավորում նա մեջբերում է արել մոլորակի տարբեր մասերում խաղաղապահների գործունեության մասին ՄԱԿ-ի վերջին զեկույցներից, որի համաձայն այսօրվա դրությամբ խաղաղապահ գործողությունների հիմնական մասը անհաջողության է դատապարտված: