12 հունիսի 2007 - 15:45 AMT
Բաքուն մտադիր է «կարծրացնել» իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի հարցում
Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ «կարեւոր է կարծրացնել դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայացած հերթական հանդիպումը, «այդ դեպքում Ադրբեջանը կկարողանա օգտագործել իր առաջադիր դիրքերը տարածաշրջանում»; Ըստ Մամեդովի, «Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում կկոշտացվի Հայաստանի, Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների եւ համաշխարհային հանրության հանդեպ: Նրանցից պետք է պահանջել կոնկրետ դիրքորոշում»:

Նա հայտարարել է, որ կողմերը որոշել են շարունակել բանակցությունները համանախագահների եւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով: Ընդ որում Նովրուզ Մամեդովը չմեկնաբանեց իրադարձությունների հետագա ընթացքը հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Նրա խոսքերով, «եթե միջազգային հանրությունը կոնկրետ կարծիք չհայտնի եւ հանդես չգա առաջարկություններով, կարող է առաջ քաշվել հակամարտության ռազմական լուծման մասին հարցը», հաղորդում է «Թրենդը»: