Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության հետ Հայաստանի ռազմական համագործակցության հեռանկարները: Եվրոպական Միության ներկայացուցիչը տեղեկացրել է միջազգային խաղաղարար և կայունության հաստատման առաքելություններին գործընկերների մասնակցության հնարավորությունների և ձևաչափի մասին:
Զրույցի ընթացքում Դավիթ Տոնոյանը Միխայիլ Կոստարակոսին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նաև նոյեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց:
Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (13 արկ) և 82 (56 արկ) միլիմետրանոց ականանետեր:
Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: