14 նոյեմբերի 2016 - 11:26 AMT
Մխիթարյանը կարող է վարձակալության հիմունքով «Բորուսիա» վերադառնալ

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը և մարզչական շտաբը մտածում են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու մասին, գրում է Championat.com-ը Mirror-ի վրա հղումով: Նշվում է, որ «Բորուսիան» կարող է փորձել վերադարձնել Մխիթարյանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Անգլիայի պրեմիեր լիգայում 11 տուրի արդյունքների համաձայն Մխիթարյանը մասնակցել է 4 խաղի` միայն մեկ անգամ դուրս գալով մեկնարկային կազմում: Գոլ կամ գոլային փոխանցում նա չի արել: Ընդհանուր առմամբ ակումբային մակարդակով Մխիթարյանը մասնակցել է 6 հանդիպման:

Ավելի վաղ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն բացառել էր Մխիթարյանի «Բորուսիա» վերադառնալու հնարավորությունը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրինի «Յուվենտուսը» հետևում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծավծ իրավիճակին: «Յուվենտուսը» փորձել է ձեռք բերել ֆուտբոլիստին դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Հիմա իտալական ակումբը կրկին մտադիր է տրանսֆերային հարցում ուղարկել «կարմիր սատանաներին» 27-ամյա կիսապաշտպանի արժեքի մասին, որին չհաջովեց ամրագրվել նոր թիմում:

Ընթերցեք նաև. Մխիթարյանը՝ Չեռնոգորիայի հետ խաղի մասին. Շատ հպարտ եմ մեր հաղթանակով