15 նոյեմբերի 2016 - 12:13 AMT
ՀՀ-ում քարտեզագրում են հաշմանդամություն ունեցողներին մատուցվող ծառայությունները

Հայաստանում իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների քարտեզագրման ծրագիր: Այն կատարվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող կազմակերպությունների շրջանակներում արված հարցումների միջոցով հավաքագրված տեղեկատվությունը ներկայացվելու է «Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների առցանց տեղեկատվական կենտրոն» համակարգում, որի միջոցով հաշմանդամություն ունեցող անձը հնարավորություն կունենա ծանոթանալ համապատասխան կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին:

Նշված հարցումների շրջանակներում գործընթացի դյուրինությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է առցանց հարցաթերթ։ Նախարարությունը կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող հասարակական և մասնավոր կազմակերպություններին ակտիվորեն ներգրավվել քարտեզագրման աշխատանքներին՝ լրացնելով առցանց հարցաթերթը: