13 հունիսի 2007 - 17:56 AMT
Հայաստանում ԱՄՆ դեսպանի բացակայությունը բացասաբար է ազդում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է որոշվի Երեւանում, այլ ոչ թե Կալիֆորնիայում»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Jane's հետազոտական կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Հայաստանում ԱՄՆ դեսպանի բացակայությունը բացասաբար է ազդում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: «Սփյուռքը կամ հայկական հասարակական կազմակերպությունները չեն, որ պետք են որոշեն, թե ով է լինելու Երեւանում ԱՄՆ դեսպան, այլ ԱՄՆ Սենատը: Եւ որքան արագ դա կատարվի, այնքան լավ»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը երկու անգամ արգելափակել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Երկու անգամն էլ վետոյի իրավունքն օգտագործել է Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ով հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը մերժող մարդը չի կարող ներկայացնել ԱՄՆ-ի շահերը Հայաստանում: Հանձնաժողովի առջեւ կայացած լսումներին Հոգլանդը հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները, սակայն ցեղասպանություն չի համարում: Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը արդեն հավանություն տվել էր Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը: