16 նոյեմբերի 2016 - 14:29 AMT
ՀՀ-ն դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ ուկրաինական բանաձևին

Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմում մարդու իրավունքների վերբերյալ Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որը հավանության է արժանացել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի սոցիալական, հումանիտար հարցերի և մշակույթի կոմիտեի կողմից:

Փաստաթուղթը, որով կոչ է արվում միջազգային դիտարկում իրականացնել Ղրիմում մարդու իրավունքների ոլորտում, ընդունվել է նոյեմբերի 15-ին:

Ուկրաինայի առաջարկած փաստաթղթի օգտին քվեարկել է կոմիտեի 73 անդամ, դեմ` 26 անդամ, 79-ը ձեռնպահ է մնացել: Հիմնականում կողմ են քվեարկել եվրոպական երկրները, ԱՄՆ-ն: Դեմ են քվեարկել Հայաստանը, Ռուսաստանը, Չինաստանը, Սերբիան, Կուբան, Ղազաստանը, Բելառւսն ու այլ երկրներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ Ուկրաինան շատ ցավագին է ընդունել Հայաստանի քվեարկությունը:

«Հատկապես ցավագին է Ուկրաինան ընդունել 3 քվեարկություն` Հայաստանինը, Ղազախստանինն ու Բելառուսինը: Մենք հարգում ենք Հայաստանի և Ղազախստանի ՌԴ հետ հատուկ հարաբերությունների իրավունքը…Ինչ վերաբերում է Բելառուսին, մենք դա գնահատում ենք որպես հարված թիկունքից: Մենք երախտապարտ ենք բելառուսական կողմին Մինսկում անկախ հարթակի համար և գնահատում ենք դա, սակայն անկախ հարթակը պետք է անկախ լինի ամեն ինչում, ոչ թե կողմնապահ»,-ասել է Գերաշչենկոն` ելույթ ունենալով Ռադայում:

Բանաձևի նախագծում դատապարտվում է Ղրիմում մարդու իրավունքների խախտումը, խտրականությունը այդ թվում նաև Ղրիմի թաթարների հանդեպ, ինչպես նաև ուկրաինացիների և այլ կրոնական ու ազգային պատկանելության անձանց: Փաստաթուղթը նաև կոչ է անում ՄԱԿ գլխավոր քարտուղարին միջոցներ ձեռնարկել, որպեսզի միջազգային դիտորդները կարողանան այցելել Ղրիմ դիտարկելու համար իրավիճակը:

Ակնկալվում է, որ Ղրիմի գծով այդ բանաձևը հավանության կարժանանա ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից:

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: