16 նոյեմբերի 2016 - 15:47 AMT
Նալբանդյան-Բրինքին հանդիպումը. Առևտրատնտեսական կապերը, ներդրումներն ու ԼՂ հիմնախնդիրը

Նոյեմբերի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար: Բրիջիթ Բրինքը նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր են փոխանակել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։