16 նոյեմբերի 2016 - 17:11 AMT
Հայոց կաթողիկոսն ընդունել է Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Աթեշյանին

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Այս մասին տեղեկացնում է պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Տ. Հարություն աբեղա Տամատյանը, Գրիգոր քահանա Տամատյանը և Մկրտիչ Սերթշիմշեքը:

Նոյեմբերի 13-ին ՀՀ է ժամանել Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը. նա գտնվում է Մայր աթոռ Սբ Էջմիածնում: Այս մասին նոյեմբերի 14-ին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:«Միջոցառումների մասնակցության խնդիր չկա։ Այսպիսի այցեր պարբերաբար լինում են։ Այցի օրերին, վստահ եմ, հանդիպում կլինի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ», - ասաց Մելիքյանը:

Նա հավելեց. «Այցի հատուկ նպատակ չկա: Նա Մայր Աթոռի միաբան է և, ինչպես բոլոր միաբանները, ազատ է այցելելու Մայր Աթոռ»:

Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հունիսի 7-ին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ի պատասխան PanARMENIAN.Net հարցմանը մեկնաբանել էր Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահին: Նա հիշեցրել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին՝ փոխանցելով Գերմանիայի ժողովրդին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի երախտագետ զգացումները: «Սակայն այս դեպքում գործ ունենք Թուրքիայի և նրա վարած քաղաքականության հետ։ Բնավ չփորձելով արդարացնել որևէ մեկին՝ միևնույն ժամանակ նշեմ, որ չենք բացառում հարկադրանքի պարագան», - ընգծգել էր Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատուն։

Հունիսի 15-ին պատրիարքարանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Հայաստան կայցելի:Աթեշյանին «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում էին դիմավորել բողոքի ակցիայով: Facebook-ում ստեղծվել էր համապատասխան նախաձեռնություն՝ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին մտնել Հայաստան» անվանումով: Այն ժամանակ Աթեշյանը ՀՀ չեկավ: