16 նոյեմբերի 2016 - 18:51 AMT
Սերժ Սարգսյանն առաջարկում է «թեժ գիծ» ստեղծել Երևանի ու Բաքվի միջև՝ զինված միջադեպերին արձագանքելու համար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է գալիս ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի քննարկման համար Բաքվի և Երևանի միջև թեժ գիծ ստեղծելու օգտին:

Այդ մասին է նա հայտարարել ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում:

«Ենթադրենք, շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, ու, մեր տվյալներով` ադրբեջանցիներն են: Ես վերցնում եմ լսափողը, զանգահարում Ադրբեջանի նախագահին և ասում` կրակում են։ Եվ նա իրականում ստուգում է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Ես պատրաստ եմ վերահսկում հաստատել ու հստակ ասել, կրակում է մեր կողմը թե ոչ, բնականաբար, Ադրբեջանի ղեկավարի կողմից նույն վերաբերմունքի ակնկալիքով», - ասել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը նշել է նաև, որ 90-ականների սկզբին, երբ նա ՀՀ պաշտպանության նախարարն էր, ուղիղ կապ ուներ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: «Մենք կարող էինք կապվել իրար հետ էքստրեմալ իրավիճակներում: Այժմ նման բան չկա», - ասել է նա:

Իրավիճակը ղարաբաադրբեջանական շփման գծում ապրիլյան պատերազմին հետևած համեմատական հանդարտությունից հետո կրկին սրվել է: Մասնավորապես, նոյեմբերի 11-ին Ադրբեջանը շուրջ 3 ժամ ականակոծել է 60 և 82 միլիմետրանոց ականանետերից առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի մարտական դիրքերը: