17 նոյեմբերի 2016 - 11:29 AMT
ՀՀ նախագահ. Հայկական կողմը պատրաստ է «թեկուզ վաղը» համաձայնագիր կնքել հրադադարի խախտումները հետաքննելու մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ բերի: Այդ մասին նա հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

«Մենք երբեք չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Լինի դա նախագահի, ԱԳ նախարարի, թե աշխատանքային մակարդակով: Բայց մենք միշտ կողմ ենք, որ այդպիսի հանդիպումներն օգուտ բերեն, ինչ-որ առաջխաղացում լինի: Եթե չկա առաջխաղացում, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետո պայմանավորվածությունները չեն կատարվում, ի՞նչ օգուտ այդ հանդիպումից»,-ասել է նա:

Ըստ Սարգսյանի, հայկական կողմը ցանկանում է և պատրաստ է «թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան համաձայնագիր ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մասին»:

«Մենք ցանկանում ենք, որ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, և համաշխարհային հանրությունը հստակ իմանան, ով է խախտում հրադադարը»,-հայտարարել է Սարգսյանը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ընթերցեք նաև. ՀՀ նախագահը «Իսկանդերի» մասին. Եթե քեզ ամեն օր պատերազմով են սպառնում, պետք է քայլեր ձեռնարկես