17 նոյեմբերի 2016 - 14:02 AMT
ՆԱՏՕ-ի պաշտոնյա. Հայաստանի դաշնակիցը զինում է Ադրբեջանին

Ռազմական տեսակետից Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն այնքան էական չեն, որքան Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: Այս մասին նոյեմբերի 17-ին խոսել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուին՝ անդրադառնալով մերձավորարևելյան տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացմանը, հաղորդում է «Առավոտը»:

«Ռուսաստանը՝ ձեր դաշնակիցը, զենք է տրամադրում Ադրբեջանին: Ռուսաստանն Ադրբեջանին տրամադրում է բոլոր հիմնական զինատեսակները՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ…»,- ասել է Ուիլյամ Լահյուն:

ՆԱՏՕ-ի պաշտոնյան շեշտել է, որ տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացման մասին խոսելիս պետք չէ միայն Թուրքիային դիտարկել. «Պետք է նայել նաև այլ երկրների, որոնք իրավիճակի վրա ազդեցություն ունեն»:

Հայաստանում նոյեմբերի 14-ին մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը, որի ընթացքում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակն է լայն հանրությանը ներկայացնել այն գործողությունների, համագործակցության շրջանակը, որը Հայաստանը զարգացնում է ՆԱՏՕ-ի հետ: