17 նոյեմբերի 2016 - 18:41 AMT
Ռուսաստանցի դիվանագետ. Ռուսերենը պիտի կարգավիճակ ստանա ԽՍՀՄ նախկին բոլոր երկրներում

Ռուսերենը նախկին Խորհրդային միության անդամ երկրներում պիտի օրենդրական կարգավիճակ ստանա: Այդ մասին է հայտարարել ռուսաստանցի դիվանագետ, ՌԴ ԱԳՆ հատուկ գործերով բանագնաց Էլեոնորա Միտրոֆանովան:

Նա հայտարարել է, որ ռուսերենի իրավական կարգավիճակի ամրագրումը հարևան երկրների սահմանադրություններում Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է: Միտրոֆանովայի խոսքերով, երիտասարդությունը մոռանում է ռուսերենը: «ԱՊՀ երկրների 138 մլն բնակչությունից ռուսերեն է խոսում միայն 61 մլն-ը, 36.9 մլն-ը պասիվ կրող է, 35.6 մլն-ը լեզվին չի տիրապետում», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Որպես օրինակ Միտրոֆանովան բերել է ֆրանկոֆոնիայի միությունը: Դիվանագետը նշել է, որ ռուսերենի առաջխաղացումը հեշտ գործ չէ, սակայն այդ ուղղությամբ շարժվել է պետք:

Խորհրդային ժամանակաշրջանում ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ուներ բոլոր միութենական հանրապետություններում բացի Հայաստանի ու Վրաստանի ԽՍՀ-ներից:

Ներկայիս Հայաստանում ռուսերենին է տիրապետում բնակչության մոտ 70 տոկոսը: Ռուսերենը պարտադիր առարկա է հանրակրթական դպրոցներում: