18 նոյեմբերի 2016 - 11:19 AMT
Հայաստանն ու ԵՄ-ն մտադիր են ազատականացնել մուտքի արտոնագրերի ռեժիմը

Հայաստանն ու Եվրամիությունը շուտով բանակցություններ կսկսեն մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը:

«Թեև ԵՄ որոշ երկրներ արդեն տվել են իրենց համաձայնւթյունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, սակայն անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 28 երկրի համաձայնությունը»,-ասել է Հանը Երևանում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Նա նաև հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները կավարտվեն գալիք տարի:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հավելել է, որ բանակցությունները հաջող են ընթանում: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի, և ԵՄ ցանկությունն է ընդգրկել նոր շրջանակային համաձայնագրի մեջ առավելագույնը, ինչի շուրջ կարելի է պայմանավորվածության գալ: «Ցանկությունն այն է, ինչպես նշեցի, որ այդ նոր շրջանակային համաձայնագիրն արտացոլի մեր հարաբերությունների ամբողջ էությունն ու խորությունը, ինչպես նաև հարաբերությունների այն բարձր մակարդակը, որն այսօր արդեն առկա է։ Հավելեմ նաև, որ տարիներ շարունակ մենք այդ հարաբերությունները խորացնում, ընդլայնում և զարգացնում ենք ԵՄ հետ»,-ասել է նա:

Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

Ընթերցեք նաև. Նալբանդյան. ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին 2-3 փուլ է մնացել