18 նոյեմբերի 2016 - 12:50 AMT
Կոռուպցիայի դեմ պայքարը. Կանխիկ գործառնությունները կսահմանափակվեն

Շուտով կառավարությունն օրենսդիրի դատին կներկայացնի կանխիկ գործառնությունները սահմանափակող նախագծերի փաթեթը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, հաղորդում է «Առավոտը»:

«Այսպես կոչված, կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով: Շատ դեպքերում պարզ չէ` արդյոք հայտարարագիր ներկայացրած անձը իրականում ստացել է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՝ ոչ: Ուստի կանխիկ գործառնությունների սահմանափակման դեպքում հնարավոր կլինի պարզել՝ արդյոք անձը ստացել է գումարը իր մատնանշած աղբյուրից, թե՝ դրանք ապօրինի միջոցներով ստացված գումարներ են: Բացի դրանից, մենք ներկայացնելու ենք նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը հստակեցնող և ընդգրկող նախագիծ, որպեսզի այլ անձանց անուններով ամրագրումները հասցվեն նվազագույնի»,- պարզաբանել է նախարարը:

Նոյեմբերի 18-ի նիստում Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագծին, որի համաձայն քրեականացվում է ապօրինի հարստացումը։ Այն կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Կարդացեք նաև՝ Գործադիրը հաստատել է ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը. Կպատժվի 3-5 տարի ազատազրկմամբ