18 նոյեմբերի 2016 - 14:00 AMT
ՀԱՊԿ փորձագետներն անդամ երկրների բանակների հզորացմանն ուղղված դրույթներ են մշակել

ՀԱՊԿ փորձագետները խորհուրդ են մշակել անդամ երկրների բանակների մարտունակության բարձրացման և ԶՈւ պաշտպանունակության հզորացման համար, հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 16-17-ին Մինսկում միջազգային գիտառազմական կոնֆերանս է տեղի ունեցել ՀԱՊԿ միավորված կենտրոնակայանի նախաձեռնությամբ` նվիրված «ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման խնդիրներին` ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության ապահովման շահերից ելնելով:

«ՀԱՊԿ միավորված շտաբի, ՀԱՊԿ անդամ երկրների շտաբերի ներկայացուցիչները քննարկել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի բազմազգ զորակազմերի արդյունավետ կառավարման խնդրահարույց հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնակիցները եկել են այն եզրակացության, որ այդ խնդիրների լուծումը առաջնահերթ պիտի լինի ՀԱՊԿ անդամ պետությունների համար: «Նման կառավարումը պետք է իրականացվի միասնական գաղափարով և պլանով, կառավարման միասնական համակարգում, կառավարման համակարգված մարմինների ղեկավարությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Խորհրդաժողովի ընթացքում մշակվել են մի շարք դրույթներ, որոնք իրենց արտահայտությունն են գտել ամփոփիչ բանաձևում: Դրանց իրականացումը կնպաստի անդամ պետությունների զինված ուժերի պաշտպանունակության բարձրացմանը և ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը: