21 նոյեմբերի 2016 - 12:46 AMT
2017-ի Ամանորը Երևանում համեստ կդիմավորեն

2017 թվականը Երևանում համեստ կդիմավորեն: Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ որոշվել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի և Դավիթ Օհանյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր:

Քաղաքապետը, հաղորդագրության համաձայն, հստակ պահանջ է դրել ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը:

Վարչական շրջանների ղեկավարներին, Երևան քաղաքի գլխավոր դիզայներին, արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է սկսել մայրաքաղաքի տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն ու սահմանված ժամկետում ապահովել Երևանի տոնական տեսքը:

2014-ին Երևանի համայնքային բյուջեից մոտ 48 մլն դրամ է հատկացվել Երևանում Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար, 2015-ին՝ 40 մլն: