ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 323-Ա հրամանը, որով ժամանակավորապես դադարեցվում է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
Հրամանում մասնավորապես ասվում է.
«Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2017 թվականի հունվարի 5-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին`
- մինչև նոյեմբերի 23-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը,
- շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում,
- կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին.
- ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին,
- կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա»: