19 հունիսի 2007 - 17:12 AMT
Հայոց ցեղասպանություն. Սթիվեն Հարպերը դատապարտել է, որ այլ պետությունները խառնվում են Կանադայի ներքին գործերին
Կանադայի Ազգային էթնիկ մամուլի խորհրդի կազմակերպած կլոր սեղանին (NEPMCC) Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը հաստատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է երկրի պետական քաղաքականությունը, այլ ոչ թե «որոշ մարդկանց դիրքորոշումը», ինչպես ոմանք փորձում են ներկայացնել դա: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Կանադայի Հայ Դատի հանձնախմբում, Սթիվեն Հարպերը նաեւ անընդունելի է համարել այն, որ այլ պետությունների ներկայացուցիչները խատնվում են Կանադայի ներքին գործերին` ճնշում գործադրելու կամ կանադացիներին եւ կանադական կազմակերպություններին սեփական կարծիքը փաթաթելու նպատակով: Նա դատապարտել է նման քաղաքականությունը: «Ես` որպես կառավարության ղեկավար, չեմ կարող թելադրել մամուլին` ինչ գրել թերթերում, նաեւ այլ պետությունները չեն կարող մեզ թելադրել` ինչ գրել»,- հայտարարել է Կանադայի վարչապետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Սթիվեն Հարպերը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, ինչի համար «խիստ քննադատության» է ենթարկվել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից: Իսկ ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ Թուրքիան «զգուշացնում էր» Սթիվեն Հարպերին ելույթ չունենալ այնպիսի հայտարարություններով, որում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են կոչվում: Կանադայի վարչապետը դիվանագիտական ուղիներով զգուշացվել էր, որ «նման մեղադրանքների ամենամյա կրկնությունը չի աջակցում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը եւ կվնասի թուրք-կանադական երկկողմ հարաբերությունները»: Սակայն Սթիվեն Հարպերը շանտաժի չի ենթարկվել եւ հավատարիմ է մնացել Հայոց ցեղասպանության հարցով ունեցած իր դիրքորոշմանը: