23 նոյեմբերի 2016 - 12:19 AMT
ԱՎԾ. Գյուղարտադրանքի 30% անկման պատճառը բուսաբուծության ոլորտն է

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալային ցուցանիշը 2016-ի հոկտեմբերին 2015-ի հոկտեմբերի համեմատ նվազել է 29.8%-ով՝ փաստացի հասնելով 2010 թվականի մակարդակին: Այս տվյալը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Նշվում է, որ 2016-ի 10 ամսում գյուղատնտեսական արտադրանքի ծավալային անկումը կազմել է 7.3%, իսկ 2016-ի սեպտեմբերի համեմատ հոկտեմբերի անկումը կազմել է միանգամից 28%:

Փաստացի, հոկտեմբերի անկումը հանգեցրել է նրան, որ տվյալ ամսին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հավասարվել է 2010 թվականի պաշտոնական արտադրանքի ծավալին (տես՝ գծանկարը)

Գյուղաարտադրանքի ծավալը 2010-2016 թթ հոկտեմբեր ամիսներին և 2016-ի սեպտեմբերին՝ մլրդ դրամով

ԱՎԾ աշխատակազմի գյուղատնտեսության վիճակագրության բաժնի անասնապահության գծով գլխավոր մասնագետ Լաուրա Գրիգորյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշեց, որ այսչափ մեծ՝ մոտ 30% անկումը պայմանավորված է բուսաբուծության ոլորտով, քանի որ գյուղատնտեսական մյուս ոլորտներում գրանցվել է թեև չնչին, բայց՝ աճ:

«2016-ի հոկտեմբերին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի անկումը հիմնականում պայմանավորված է բուսաբուծության ոլորտով»,- նշեց մասնագետը:

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկել է 7.8%-ով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016-ի հունվար-հոկտեմբերին, սակայն, գրանցվել է ՏԱՑ-ի մի փոքր աճ՝ 0.4%-ով: