23 նոյեմբերի 2016 - 13:24 AMT
Կառավարությունը կֆինանսավորի վիրավոր երկու զինվորի բուժումն արտերկրում

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՊՆ-ին կհատկացվի ավելի քան 26 մլն դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 24-ի նիստի օրակարգում:

Որոշման համաձայն կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը կհատկացվի 26.083.600 դրամ, որը ՊՆ-ն պետք է փոխանցի Մ. Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին:

Գործադիրի նոյեմբերի 24-ի նիստում ընդգրկված ևս մեկ որոշման նախագծի համաձայն մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին կհատկացվի 712.900 դրամ:

Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 18-ի արտահերթ նիստում խորհրդարանականները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը, որով նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում հիվանդություն կամ խեղում ստացած զինծառայողների բուժումն արտերկրում իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին, ընդունվել է միաձայն՝ 101 կողմ ձայնով: