Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քննարկման է դրվել Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումների և եվրաինտեգրման գոծընթացի դադարեցման հարցը:
Թուրքական Habertürk.com-ին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում նախ անդրադարձել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին, ապա նշել, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցումը երկու կողմի համար էլ իր բացասական հետևանքները կունենա:
«Թուրքիան և Եվրամիությունը մի շարք կարևոր հարցերում կարող են գործակցել: Կիպրոսի, Սիրիայի, էներգետիկայի ոլորտում մեր գործակցությունը շատ կարևոր է»,- նշել է Մոգերինին:
ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ Եվրամիությունը, ամեն դեպքում, միշտ պատրաստ է աջակցել սահմանադրական փոփոխությունների փուլում գտնվող Թուրքիային: Նա նշել է նաև, որ հատկապես ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական հարցի, կովկասյան տարածաշրջանում կայունությանն առնչվող հարցերում ԵՄ-ն և Թուրքիան մշտական երկխոսություն վարելու կարիք ունեն:
ԵԽ-ի ամենամեծ քաղաքակն խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) նախագահ Մանֆրեդ Վեբերը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ու Թուրքիան գտնվում են ճամփաբաժանի վրա: Անդրադառնալով վերջին օրերին հաճախակի քննարկվող Շանհայի հնգյակին Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցին՝ Վեբերը զարմանալի է համարել այն, որ Թուրքիան կարող է ընտրել Չինաստանին ու Ռուսաստանին:
ԵԽ-ի սոցիալ-դեմոկրատական խմբակցության(S&D) նախագահ Ջիաննի Պիտելլան հայտարարել է, որ իրենք դեռ դրական են վերաբերվում Թուրքիայի եվրաինտեգրմանը, սակայն պարտավոր են քննադատաբար մոտենալ վերջին շրջանի ձերբակալությունների, բանտարկությունների ու աշխատանքից հեռացման դեպքերին:
«Երբեք չէի մտածել, որ սոցիալ-դեմոկրատները մի օր բանակցությունների դադարեցման բանաձևին կարող են «այո» ասել: Սակայն դեպքերի զարգացումները դա են պարտադրում: Ես կողմ եմ սառեցմանը, սակայն ժամանակավոր կերպով: Երկխոսության հնարավորությունը պետք է պահպանել»,- ասել է նա:
Եվրոպայի կոնսերվատորներ և ռեֆորմիստներ (ECR) խմբակցության նախագահ Սյեդ Քեմալը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է նոր ձևաչափով զարգացնել և պարտադիր չէ, որ դա լինի ԵՄ անդամակցության ձևով:
Լիբերալ-դեմոկրատական խմբակցության (ALDE) նախագահ Գույ Ֆերհոֆշթադը կարծիք է հայտնել, որ իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացրած Պուտինը, Թրամփն ու Էրդողանը շրջափակել են Եվրամիությունն ու սպառնում են ԵՄ մոդելին:
«Կանաչների» կուսակցության համանախագահ Ռեբեկա Հարմսը նշել է, որ պետք է զարգացնել երկխոսությունը Թուրքիայի հետ և հոգ տանել, որպեսզի այդ երկիրը հավատարիմ մնա ժողովրդավարության սկզբունքներին:
ԵՄ շվեդ անդամ Բոդիլ Վալերոնն էլ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան գաղթականների խնդիրը օգտագործում է որպես շանտաժի միջոց:
Նիստի ավարտին հայտարարվել է, որ ԵԽ քաղաքական խմբակցությունները ներկայացրել են բանաձևի 6 տարբեր նախագիծ: Դրանք կքննարկվեն և կմիավորվեն մեկ ընդհանուր փաստաթղթի մեջ:
Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման նախագիծը քվեարկության կդրվի նոյեմբերի 23-ին:ԵԽ-ի սոցիալիստ պատգամավորների կողմից ներկայացված բանաձևն արդեն իսկ արժանացել է լիբերալների աջակցությանը: Այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ այն կհաստատվի: Մյուս կողմից քաղաքական շրջանակներում պտտվում է այն կարծիքը, որ նույնիսկ հաստատվելու դեպքում վերոնշյալ բանաձևը իրավական պարտադրող ուժ չի ունենա և կկրի սիմվոլիկ բնույթ:
Կարդացեք նաև՝ՇՀԿ-ն Թուրքիայի հնարավոր անդամակցության մասին. Չենք շտապում ընդլայնվել