Գերմանիայից Իրան առաջին բեռն է ժամանել նոր մուլտիմոդալ տարանցիկ ուղիով, որը կապում է Իրանն ու Եվրոպան Սև ծովով և անցնում է Հայաստանի տարածքով: Այդ մասին հայտնել է Իրանի տրանսպորտի միջազգային ասոցիացիայի քարտուղար Գոլյամհոսեյն Ամիրին:
Հեռանկարում նախատեսվում է, որ այս երթուղին կարող է փոխարինել այն, որն անցնում է Թուրքիայի տարածքով: «Երկու բեռնատար կոնտեյներն Իրան են ժամանել ՀՀ սահմանով»,-պարզաբանել է Ամիրին, գրում է Iran.ru-ն: «Բեռներն ուղարկվել էին Համբուրգից թուրքականի համեմատ ավելի կարճ ճանապարհով»,-ասել է պաշտոնյան:
Թեհրանն ու Անկարան վաղուց տարաձայնություններ ունեն տարանցման հարցում, որոնց հիմքում վառելիքի տարբեր գներն են: Բացի այդ, ընդհանուր սահմանում հաճախ խցանումներ են առաջանում բեռնատարների համար, հերթը երբեմն 15 կմ է ձգվում: Կնքված համաձայնագրերը չնպաստեցին հարցի լուծմանը:Տարանցման անվտանգությունը ևս արդիական է Թուրքիայի դեպքում, որի տարածքում մի քանի իրանական բեռնատար է հրկիզվել, որի համար Անկարան մեղադրում է ՔԱԿ զինյալներին:
«Վերջին տարիներին խնդիրներ են եղել Թուրքիայի տարածքով Եվրոպայից բեռներ փոխադրելիս: Դա ստիպեց մեզ բանակցություններ սկսել մի քանի այլ երկրների հետ այլընտրանքային երթուղիների շուրջ»,-ասել է Ամիրին:
Իրանի կառավարությունն անվտանգության երաշխիքներ է պահանջել Թուրքիայից իր բեռնատարների համար, սակայն արդյունքն անբավարար եղավ` վստահություն չկա, որ Թուրքիան ի վիճակի է դադարեցնել բռնությունը: Հետևաբար, Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարությունը խորհուրդ տվեց ցամաքային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններին խուսափել Թուրքիայի տարածքով անցնող երթուղուց:
Նախարարությունը խորհուրդ տվեց 2 այլընտրանքային երթուղի: Մեկը` Հայաստանով դեպի Վրաստան, Սև ծով, իսկ հետո Ռումինիա կամ Բուլղարիա: Երկրորդն` Ադրբեջանով դեպի ՌԴ ու Բելառուս:
«Բեռնափոխադրումների արժեքը նոր երթուղով կարող է 1-2 տոկոսով էժան լինել»,-ասել է Ամիրին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ (կոմինացված), այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս:
Փորձնական տարբերակով 2 կոնտեյներ արդեն իսկ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: