23 նոյեմբերի 2016 - 15:52 AMT
ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայում «Ալ Քայիդայի» պարագլուխներից մեկին ոչնչացնելու մասին

ԱՄՆ-ն պնդում է, որ Սիրիայում սպանվել է «Ալ Քայիդայի» տեղի ստորաբաժանումներից մեկի պարագլուխ եգիպտացի Աբու ալ Ֆարաջա ալ Մասրիին: ԱՄՆ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը հայտնել է այդ մասին նոյեմբերի 23-ին լրագրողների համար ճեպազրույցում:

Նա գնահատել է գործողությունը որպես ցավոտ հարված «Ալ Քայիդային»: Ըստ նրա, հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ, իսկ իրականացրել են այն ոչ թե հատուկ ծառայությունները, այլ ԱՄՆ զինված ուժերը:

Պենտագոնի մամուլի քարտուղարը հայտնել է, որ սպանվածը բավականին մեծ դեր ուներ «Ալ Քայիդայում», ընդ որում ոչ միայն Սիրիայում, այլ նաև Աֆղանստանում: Քուկն իր հայտարարության մեջ ի սկզբանե անվանում էր նրան «Աբու Աֆղան ալ Մասրին»:

Հոկտեմբերի սկզբում Պենտագոնն արդեն հայտարարել էր Ալ Մասրիին ոչնչացնելու մասին: