21 հունիսի 2007 - 15:54 AMT
Թաներ Աքչամը Թուրքիայի դեմ հայցով դիմել է Մարդու իրավունքների գծով եվրոպական դատարան
Մինեսոթայի համալսարանի պատմության ասոցիացված պրոֆեսոր Թաներ Աքչամը Թուրքիայի դեմ հայցով դիմել է Մարդու իրավունքների գծով եվրոպական դատարան: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, բողոքը հիմնված է Թուրքիայի ՔՕ «թուրքական ինքնության վիրավորանքի համար» 301-րդ հոդվածով նրա դեմ հարուցված քրեական հետապնդման վրա: Քրեական հետապնդման պատճառ է հանդիսացել հրապարակային հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին: Չնայած որոշ փոփոխություններին, Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին 301-րդ հոդվածը մնում է ամենալուրջ խոչընդոտներից մեկը: «Պատմության ճանաչումն ու հաշտեցումը անցյալի հետ հանցագործություն չեն, այլ նախապայման տարածաշրջանում խաղաղության եւ հաշտեցման հաստատման համար: Իմ նպատակն է օգնել Թուրքիային իրականացնել ազատ եւ ժողովրդավարական հանրություն ձեւավորելու իր ներուժը: Դրան անհնար կլինի հասնել, եթե Թուրքիան շարունակի քրեականացնել ակադեմիական բանավեճերը»,-հայտարարել է Թ.Աքչամը:
Դատարանը Աքչամի հայցը կուսումնասիրի մեկ տարվա ընթացքում: Եթե հայցը բավարարվի, Եվրոպական դատարանը կոչ կանի կողմերին հասնել բարեկամական համաձայնության: Եթե համաձայնություն չլինի, դատարանը կքննարկի այն հարցը, թե խախտել է արդյոք Թուրքիան Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների վերաբերյալ կոնվենցիան, որն Անկարան ստորագրել է 1954 թվականին: Եթե դատարանը նման խախտման առկայությունը ճանաչի, ապա կկայացվի պաշտոնական որոշում Թուրքիայի պատասխանատվության մասին: