24 նոյեմբերի 2016 - 14:43 AMT
Փայլանը մեջլիսում բարձրացրել է ազգային փոքրամասնություններին հուզող հարցերը. Ի՞նչ է անում կառավարությունը

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին ուղղված գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս, որում հետաքրքրվել է, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում՝ կանխելու փոքրամասնություններին ուղղված ատելության դրսևորումները:

Փայլանը հարցապնդման մեջ նախ հիշեցրել է վերջին շրջանում տեղի ունեցած դրսևորումները, որոնցից ամենաքննարկվածը Ստամբուլում գործող «Ակոս» հայկական թերթի խմբագրատան առաջ ազգայնականների կողմից սև «ծաղկեպսակներ» տեղադրելու դեպքն էր:

Ermenihaber.am-ը գրում է, որ հայ պատգամավորը շեշտել է՝ իրենց ֆեյսբուքյան էջում նշյալ գործողության լուսանկարները զետեղած և «Մի գիշեր անսպասելի կերպով կգանք» գրությունը թողած «Ազգայնական Թուրքիա» կուսակցության Ստամբուլի գրասենյակի նախագահ Բիլալ Գյոքչեյուրթի և «Թուրանի օջախներ» կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարի նկատմամբ դատական գործ էր հարուցվել, սակայն վերջիններս արդարացվել են դատարանի կողմից:

Փայլանն շեշտել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում 3 անգամ հայկական դպրոցների պատերին ռասիստական բնույթի գրություններ են արվել: Նա անդրադարձել է նաև Հաթայ նահանգում հրեական գերազմանատան ու Ադըյամանում ասորական գերեզմանատան պղծմանն ու ավերմանը:

Թուրքիայի Ադըյաման քաղաքում գտնվող ասորական գերեզմանոցը անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Հարձակման ընթացքում կոտրվել են գերեզմանների քարերը: Ընդհանուր առմամբ պղծվել է 10 գերեզման:

Վերը թվարկածից հետո Փայլանը Թուրքիայի կառավարության ղեկավարին ուղղել է հետևյալ 3 հարցը.

1. Ձեր կառավարությունը աշխատանք տանու՞մ է փոքրամասնությունների նկատմամբ ատելության հողի վրա կատարվող ու անպատիժ մնացող հանցագործությունները կանխելու ուղղությամբ:

2. Արդյո՞ք կառավարությունը վտանգի տակ գտնվող փոքրամասնությունների հիմնարկությունները կամ շինությունները պաշտպանելու նպատակով հատուկ միջոցներ է ձեռք առնում:

3. Ազգային հետախուզական ծառայությունը փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրդապատճառներով կատարված հանցագործությունների վերաբերյալ որևէ հետաքննություն իրականացնու՞մ է:

Նոյեմբերի սկզբին ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված Թուրքիայի մեջլիսի մեկ այլ հայ պատգամավոր՝ Սելինա Դողանը, բարձրացրել է Ադըյաման քաղաքի ասորական գերեզմանոցի պղծման հարցը` պահանջելով պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները: