26 նոյեմբերի 2016 - 17:01 AMT
Պատանի քիմիկոսների համահայկական 7-րդ մրցաշար. Մասնակիցների թիվը ռեկորդային է

Նոյեմբերի 26-ին «Այբ» դպրոցում տեղի է ունեցել Պատանի քիմիկոսների համահայկական 7-րդ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը:

2016-ին մրցաշարն ունեցել է ռեկորդային թվով մասնակից՝ Հայաստանի ու Արցախի դպրոցների 43 թիմ, 208 մասնակից աշակերտ և 70 մարզիչ ու ղեկավար:

Քառորդ եզրափակչին թիմերը լուծեցին թեստային խնդիրներ, որոնք ստուգվեցին մասնագիտական հանձնաժողովի կողմից, ապա տեղում հրապարակվեցին կիսաեզրափակիչ փուլ անցած 11 թիմի անունները։

Կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերը տեղի կունենան 2017-ի ապրիլին։

«Մրցաշարը հրաշալի հնարավորություն է բարձր դասարանների աշակերտների համար՝ իրականացնելու իրենց առաջին գիտական հետազոտություններն ու փոքրիկ հայտնագործությունները»,- նշել է մրցաշարի համակարգող Նինա Հոբոսյանը:

Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (ՊՔՀՄ) «Այբ» կրթական հիմնադրամի բազմաթիվ ծրագրերից մեկն է, որն ուղղված է հանրակրթության ոլորտում տաղանդավոր երեխաների բացահայտմանը: Այն փոխներգործուն (ինտերակտիվ) խաղի սկզբունքով անցկացվող թիմային մրցույթ է, որտեղ 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ և բանավիճում գիտական թեմաների շուրջ: ՊՔՀՄ-ի մարտերը դատում է ժյուրին, որի կազմում ներգրավված են ԵՊՀ-ի, ՀԱՊՀ-ի և ՀՊՄՀ-ի դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, ուսուցիչներ, այլ մասնագետներ: