22 հունիսի 2007 - 18:52 AMT
Ղարաբաղում բացվել է «Շուշին հայոց քաղաքակրթության օրրան» թեմայով գիտաժողով
Հունիսի 21-ին Շուշի քաղաքում բացվել է «Շուշին հայոց քաղաքակրթության օրրան» թեմայով գիտաժողով`նվիրված քաղաքի ազատագրման 15-րդ տարեդարձին: Նրա աշխատանքներին մասնակցում են հայտնի գիտնականներ Հայաստանի Հանրապետությունից եւ Լեռնային Ղարաբաղից:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանը:

«Հայ գիտական մտքի ներկայացուցիչների այս համաժողովն, անշուշտ, ուշագրավ երեւույթ է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարբերաբար անցկացվող հայագիտական եւ այլ համանման միջոցառումների շարքում»,- մասնավորապես նշված է ուղերձի մեջ:

ԼՂՀ ղեկավարն ընդգծեց, որ նվիրված լինելով Արցախի վաղեմի վարչական, գիտակրթական ու հոգեւոր-մշակութային կենտրոն Շուշիի` որպես հայ քաղաքակրթության օրրաններից մեկի արժեւորմանը, այս նախաձեռնությունը, ըստ էության, առանձնանում է իր պատմագիտական եւ իրավաքաղաքական նշանակությամբ: Նա համոզմունք հայտնեց, որ գիտաժողովի քննարկմանը ենթակա ուսումնասիրությունները կարեւոր կռվանների դերակատարություն կունենան Արցախի` որպես հայ էթնիկ հանրության ազգային-պատմական տարածաշրջանի, պատմագիտական վերահաստատման գործում: «Այդ առավել քան հրատապ է դառնում այսօր` պատմական իրողությունների շահարկումների եւ աղավաղումների համապատկերում, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում շարունակաբար շրջանառվում են մեր ընդդիմախոսների կողմից»,-ընդգծեց Արկադի Ղուկասյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: