26 նոյեմբերի 2016 - 17:52 AMT
Նախարար. «1000 դրամի» օրենքի նախագծի պարտադիր բաղադրիչը չի հանվելու

Մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ապահովմանն ուղղված օրենքի նախագծում փոփոխություններ կլինեն, բայց պարտադիր բաղադրիչը չի հանվի:

Այս մասին լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ինչ վերաբերում է փոփոխություններին, իհարկե, մենք դրա համար էլ անցկացնում ենք քննարկումների փուլը, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը որոշակի փոփոխություններ կրի: Պետք է ի սկզբանե ասեմ, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից: Դա այդ օրենքի առանցքային հիմքն է»,- ասել է նա, գրում է Armtimes.com-ը:

Պաշտպանության նախարարությունը քննարկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման համար 1000 դրամների վճարումը կամավոր դարձնելու տարբերակը։ Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 23-ին «Ազատության» հետ զրույցում ասել է, որ մինչ այդ օրինագծի երկրորդ ընթերցումը որոշակի փոփոխություններ հնարավոր են։

1000 դրամը պարտադիրից կամավոր դարձնելու տարբերակը քննարկվում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկով։

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ընդունվել է։ Օրենքի նախագիծն անցել է 101 կողմ, 3 դեմ և 0 ձեռպահ քվեարկությամբ: Դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: