28 նոյեմբերի 2016 - 10:22 AMT
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կանցնի Հայաստանում

Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթնաժողովը նոյեմբերի 27-ին միաձայն որոշում է ընդունել 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում:

Որոշման կայացմանը հաջորդել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցել է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը: «Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու ձեր որոշման համար։ Հայաստանի և հայ ժողովրդի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի բարձրագույն հանդիպումը։ Սա վկայությունն է մեր երկրի հանդեպ դրսևորված վստահության և համերաշխության, որը կազմակերպությանն իր անդամակցությանը հաջորդած տարիների ընթացքում կարևոր ներդրում է ունեցել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում: Այս որոշումը նաև կարևոր ուղերձ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր ֆրանկոֆոն երկրներին, որոնց համար առաջիկա գագաթաժողովն առիթ է հանդիսանալու կրկին անգամ արժևորել Ֆրանկոֆոնիան մեր տարածաշրջանում», - իր ուղերձում գրել է Հայաստանի նախագահը:

«Մենք հաստատակամ ենք ապահովելու Ֆրանկոֆոնիայի այս կարևոր իրադարձության հաջողությունը: Մեր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակով այն անցկացնելու՝ դրանով իսկ տոնելով նաև Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Այսօր մենք հանձնառություն ենք ստանձնում՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը»,-ասվում է ուղերձում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

16-րդ գագաթնաժողովի ավարտին տեղի է ունեցել Մադագասկարի նախագահի, Կանադայի վարչապետի, Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի համատեղ ասուլիսը: