29 նոյեմբերի 2016 - 16:12 AMT
Դուբայում հայկական ներդրումային համաժողով կկազմակերպվի

2017-ի մարտին Դուբայում Հայաստանի ներդրումային միջավայրին նվիրված համաժողով է անցկացվելու: Դրա կազմակերպումը քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը՝ նախարար Սուրեն Կարայանի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Քննարկման մասնակիցները պայմանավորվել են ամբողջացնել նախապատրաստական աշխատանքները և ներդրումային ծրագրերն ըստ ոլորտների՝ կապ և տրանսպորտ, էներգետիկա, արտադրություն, ագրոսնունդ, կրթություն, քաղաքաշինություն, բնապահպանություն, հետազոտություն և առողջապահություն, բարձր տեխնոլոգիաներ և հանքարդյունաբերություն։ Կպատրաստվեն համապատասխան շնորհանդեսներ և բիզնես-ծրագրեր՝ համաժողովին ընդառաջ։

Քննարկվել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու հեռանկարը:

Նոյեմբերի 23-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ հանդիպմանը նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է մեկնարկել Հայաստանի ներդրումային միջավայրին նվիրված Դուբայում կայանալիք համաժողովի նախապարաստական աշխատանքները: