«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հաշվեհարդար են տեսել իրաքյան Մոսուլի խաղաղ բնակիչների հետ` համագործակցելուց հրաժարվելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության վրա հղումով:
«Ըստ առկա տեղեկությունների, ԻՊ գրոհայինները 12 խաղաղ բնակիչ են սպանել Բաքիր շրջանում` Մոսուլի արևելյան մասում, քանի որ նրանք, ենթադրաբար, թույլ չեն տվել իրենց տների տանիքներին հրթիռներ տեղադրել»,-ասել է վարչության ներկայացուցիչ Ռավինա Շամսադանին:
Ըստ նրա, գրոհայինները նաև գնդակահարում են քաղաքի այն բնակիչներին, որոնք հրաժարվում են դիպուկահարներին ներս թողնել, փորձում են փախչել կամ մեղադրվում են տվյալներ փոխանցելու համար:
Ըստ ՄԱԿ տվյալների, նոյեմբերի 25-ին գրոհայինները նաև հրապարակավ 27 խաղաղ բնակչի են գնդակահարել:
Մոսուլն ԻՊ ահաբեկիչների վերահսկողության տակ է 2014-ից: Քաղաքն անվանում են խմբավորման «իրաքյան մայրաքաղաք»:
Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար քաղաք: