29 նոյեմբերի 2016 - 18:21 AMT
Բեսլանի ավտովթարից տուժած ՀՀ վերջին քաղաքացին տեղափոխվել է Հայաստան

Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին նոյեմբերի 28-ին տեղափոխվել է Հայաստան։

Բազմակի վնասվածքներ ստացած Լոռու մարզի 26-ամյա բնակչի վիճակը գտնահատվել էր ծանր։ Երիտասարդն անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել էր նախ Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական, ապա Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում։ Մի քանի վիրահատության ենթարկվելուց հետո նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Արդյունքում, բժիշկները տուժածի տեղափոխումը հնարավոր են համարել, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան նրան դիմավորել է Լարսում։ Այժմ կենտրոնի բժիշկները հետազոտություններ են իրականացնում տուժածի հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու նպատակով։

Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածներից Հայստանի Հանրապետության 15 քաղաքացի տեղում` ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ ինքնաթիռով տեղափոխվել էին Հայաստան։ Ռուսաստանի Դաշնությունում բուժումը շարունակած Հայաստանի 4 քաղաքացիներից 3-ն ավելի վաղ էին տեղափոխվել հայրենիք։